Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գավաթային և առաջնության խաղերի համադրումներ

Գավաթային և առաջնության խաղերի համադրումներ
02.12.2016 | 11:42

Անցած երկու-երեք օրը եվրոպական ֆուտբոլային գերտերություններից երեքի համար գավաթային էր (Անգլիա, Իսպանիա, Իտալիա), մեկի համար (Ֆրանսիա)՝ առաջնության, ու միայն գերմանացիներն էին օլիմպիական հանդարտության մեջ՝ համարելով, որ ժամանակ առ ժամանակ կարելի է նաև դադար վերցնել, շունչ քաշել:

ԱՆԳԼԻԱ


Ի հաշիվ Իբրահիմովիչի ու Մարսիալի դուբլերի, «Մանչեստր Յունայթեդը» սեփական հարկի տակ ջախջախիչ առավելության հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 4:1: Իրեն լավագույնս է դրսևորել մեր Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով ոչ միայն երկու գոլային փոխանցման հեղինակ, այլև ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող: Այնպես որ, ճանաչեք մերոնց: Կիսաեզրափակչում «կարմիր սատանաների» մրցակիցն է լինելու «Նյուքասլի» նկատմամբ առավելության հասած «Հալ Սիթին»:
Ի դեպ, այս դիմակայությունից հետո Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մրցելույթին. «Շատ ուրախ եմ նրա համար, քանի որ այս խաղում խաղում էինք պրեմիեր լիգայի որակներ ու բնավորություն ունեցող թիմի հետ: Դա առաջընթաց է, քանի որ «Ֆեյենորդի» հետ խաղում մենք կարող էինք մտածել, որ դա այլ մակարդակ է: Սակայն այսօր Մխիթարյանը լավ խաղ ցուցադրեց պրեմիեր լիգայի թիմի հետ խաղում: Ես իրոք ուրախ եմ: Մենք գիտենք նրան գնելու պատճառը և սպասում էինք, որ նա հարմարվի թիմին: Կարծես դա տեղի է ունենում»:
Մեկ քառորդի մյուս հանդիպումներում գրանցվել է նույն 2:0 հաշիվը: «Արսենալը» սեփական հարկի տակ զիջել է «Սաուտհեմպտոնին», «Լիվերպուլն» առավելության է հասել «Լիդսի» նկատմամբ: Այս դիմակայությունների հաղթողները կիսաեզրափակչում կմրցեն իրար հետ:

ԻՍՊԱՆԻԱ
Բացառությամբ «Բարսելոնի», երկրի գավաթի խաղարկության 1/16-ի առաջին խաղերում իսպանական առաջատար ակումբները հաղթել են մրցակիցներին, ընդ որում՝ խոշոր հաշիվներով: Այսպես՝ «Լեոնեսային» «Ռեալը» պարտության է մատնել 6։1 հաշվով, արտագնայում նույնքան գոլ է խփել «Գիխուելոյի» դարպասը «Աթլետիկոն», սակայն սեփականն անառիկ պահելով, «Ֆորմենտերայի» և «Սևիլիայի» մրցակցության հաշիվն է 1:5, «Տոլեդո»-«Վիլյառեալ» դիմակայությունում արձանագրվել է համեմատաբար համեստ հաշիվ՝ 0:3: Ինչ վերաբերում է «Էրկուլեսին» հյուր գնացած «Բարսելոնին», «կապտանռնագույնները» բավարարվել են ոչ-ոքի (1:1) արդյունք ցույց տալով: Սա կարող է զարմանալի թվալ, սակայն, ի դեմս խաղադաշտ ելածների, կատալոնցիների կազմը մինչև ուղն ու ծուծն իմացողը միայն կարող է ճանաչել բարսելոնյան ակումբի ներկայացուցիչներին:

ԻՏԱԼԻԱ
Իսպանիայի օրինակով երկրի գավաթի խաղերում 1/16-ի հանդիպումներն էին: «Սպեցիան» արտագնայում հաղթել է «Պալերմոյին» (1:0), «Կիևոն» առավելության է հասել «Նովարայի» (3:0), «Թուրինը»՝ «Վերչելիի» (4:1), «Ատալանտան»՝ «Պեսկարայի» (3:0) նկատմամբ: Այս զույգերի հաղթածներից մեկ ութերորդում «Սպեցիայի» մրցակիցը կլինի «Նապոլին», «Կիևոյինը»՝ «Ֆիորենտինան», «Թուրինինը»՝ «Միլանը», «Ատալանտայինը»՝ «Յուվենտուսը»: 1/16 փուլի մյուս հանդիպումներն առջևում են: «Բոլոնիա»-«Վերոնա» զույգի հաղթողի մրցակիցը մեկ ութերորդում կլինի «Ինտերը», «Ջենովա»-«Պերուջայինը»՝ «Լացիոն»: Մնացածները շատ ավելի ուշ են մրցակցելու:

ՖՐԱՆՍԻԱ
Տասնհինգերորդ տուրում «Գենգամի» նկատմամբ նրա իսկ դաշտում տարած նվազագույն հաշվով հաղթանակը երաշխավորված պահեց «Նիցցայի» տեղն առաջին հորիզոնականում: Փոքրիկ, բայց և այնպես առաջընթաց քայլ կատարեց սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ «Անժիին» պարտության մատնած երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը: Դրանում «Պարի Սեն Ժերմենին» էապես օգնեց նաև «Մոնակոն», որն արտագնայում աղյուսակի երկրորդ տասնյակի միջնամասում հանգրվանած «Դիժոնի» հետ հանդիպումը 1:1 հաշվով ավարտեց: Մայրաքաղաքցիները 33 միավոր ունեցող մոնեգասկներից այժմ առաջ են երկու նիշով, ինչը սակայն դեռևս մեկով պակաս է «Նիցցայի» վաստակածից: Ի միջի այլոց, ավելորդ չէր լինի հիշատակել, որ «Պարի Սեն Ժերմենն» ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի անգամ չի եղել աղյուսակի առաջին հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ